понедельник, 28 декабря 2015 г.

Ամուսնալուծվել, թե՞ հանդուրժել

Հայ օջախի նշանակությունն ու կարևորությունը փոխանցվել է սերնդեսերունդ, որն անտեսելն անթույլատրելի է հատկապես կնոջը: Այն, որ կնոջը հազար ու մեկ պիտակներ կփակցնեն ամուսնալուծվելու դեպքում, ապացույցի կարիք չունի:

Բայց ի՞նչ անել, երբ այդ պիտակները ձեռք չբերելու համար կանայք վտանգում են սեփական առողջությունն ու անգամ կյանքը: Արդյունքում, Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 3 տասնյակից ավելի կանայք են սպանվել: Այժմ Հայաստանում գործում են մի քանի hասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կանանց նկատմամբ իրականացվող ընտանեկան բռնությունների դեմ պայքարով:

Միայն վերջին 6 ամիսների ընթացքում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի վանաձորյան գրասենյակ են դիմել 6 տասնյակից ավելի կանայք: ՀԿ-ներից մեկի հոգեբան Անի Ղազինյանը նշում է, որ սա դեռ քիչ տոկոս է կազմում, քանի որ իրականում կանայք թաքցնում են ընտանիքում եղած խնդիրները, խորհրդի կարգով դիմում հարազատ-բարեկամներին և հիմնովին համոզվում, որ ճիշտը հանդուրժելն է: Ինչպես հոգեբան է նշում՝ կինը խուսափում է ամուսնալուծվելուց, քանի որ վախենում է, որ այլևս չի ընդունվի հասարակության կողմից, որ չի կարող հոգալ երեխաների ծախսը կամ երեխաները հետագայում կմեղադրեն իրեն, որ առանց հայր են մեծացել: «Ամուսնալուծության պարճառները կարող են բազմաբնույթ լինել: Հիմնականում սոցիալական խնդիրներն են, ալկոհոլի չարաշահումը, հիվանդագին խանդը, բռնությունները և այլն: Քիչ չեն այն ամուսնալուծությունները, որոնց պատճառ են դառնում ամուսնու(կնոջ) ընտանիքի, հարազատների՝ նրանց կյանքին խառնվելը, նրանց փոխարեն որոշումներ ընդունելը: Հնարավոր է մակարդակների տարբերությունը՝ սոցիալական, կրթական, դաստիարակության»- պարզաբանում է հոգեբանը:

Բարձրագույն կրթությամբ 57-ամյա կինը անընդհատ ստորացվել է, ինչպես ինքն է նշում, տգետ ամուսնու և նրա կիսախելագար մոր կողմից: Տնից հեռանալուց հետո ամուսինն ու նրա մայրը գտել են կնոջը, ձախ ձեռքը դրել կարի մեքենայի տակ և ծակծկել: Հատվածը՝ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հրապարակված «Իրական պատմություններ» գրքից:
Անցկացված ինտերնետային հարցումներն ունեն հետևյալ պատկերը.



 Հոգեբան Անի Ղազինյանի խոսքով ամուսնալուծությունների համար կոնկրետ տարիքային խումբ նշել հնարավոր չէ: Կանայք հիմնականում դիմում են ամուսնալուծության, երբ դանակը հասնում է ոսկորին: «Կա նաև երեխաների հարցը, եթե երեխաներ չունեն, ավելի հեշտ են գնում ամուսնալուծության: Բայց որպես տարիքային խումբ կարելի է նշել 24-36-ը»:
 Եթե բարոյականության տեսանկյունից կանայք «կորցնում»  են ինքնագնահատականը, ունենում են միայնության, սոցիալական խնդիրները չհաղթահարելու վախ, մեծ տեղ են տալիս հասարակության կարծիքին, ապա իրավական տեսանկյունից ոչինչ չեն կորցնում: Ինչպես նշում է իրավաբան Արմինե Այվազյանը՝ եթե ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ(ԶԱԳՍ) կենտրոններում, ապա ամուսնալուծության դեպքում կնոջ և ամուսնու համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ և շարժական գույքը հավասարապես բաժանվում է երկուսի միջև: Բացի այս, ամուսինը՝ կախված աշխատավարձի չափից, պարտավոր է ամսական ալիմենտ վճարել երեխայի (երեխաների) համար, եթե հայրությունը ճանաչել է: Եթե կինը (ամուսինը) համատեղ կյանքի ընթացքում որևէ նվեր են ստացել (անշարժ, շարժական), ապա համապատասխան ապացույցների դեպքում այդ գույքը մնում է տիրոջը: ՔԿԱԳ կենտրոններում չգրանցված ամուսնության դեպքում, կինը ամուսնալուծությունից հետո ոչինչ պահանջել չի կարող:

Քրիստինե Մկրտչյանը, ով ամուսնալուծվել է ամուսնությունից 2 տարի անց, երեխայի հետ տեղափոխվել է հայրական ընտանիք: «Ճիշտն ասած՝ չէի սիրում, ուղղակի էդպես եմ ճիշտ գտել այն ժամանակ: Սկզբում ամուսնուս վերաբերմունքը լավ է եղել, բայց եկավ ժամանակ, երբ վեճերը հաճախակի դարձան, այն էլ մանրուքների պատճառով: Սոցիալական խնդիրներ, դավաճանություն, ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին էր, բայց հարազատները շատ էին խառնվում մեր կյանքին: Երկար մտածելուց հետո որոշեցի, որ էլ չեմ ուզում այդպես ապրել և պետք է ամուսնալուծվեմ: Այնքան հաստատ էր որոշել, որ եթե անգամ հայրական ընտանիքս չընդուներ՝ հետ չէի կանգնի այդ մտքից»- պատմում է Քրիստինեն: Իրավական տեսանկյունից Քրիստինեն կարող էր պահանջել ալիմենտ, որը նախկին ամուսինը պարտաճանաչ վճարում է: «Դա միակ բանն է, որ ես նրանից ընդունում եմ, եթե անգամ այնպիսի խնդիր ունենամ և իմանամ, որ միայն ինքը կարող է ինձ օգնել՝ չեմ դիմի նրան»,- ասում է Քրիստինեն:

Դժվար չէ փաստել, որ այժմ հին բարքերն ու չգրված օրենքները զիջում են իրենց տեղը: Հասարակությունն առավել անհանդուրժող է դարձել, պահանջատեր իր իրավունքներին: Այդ է փաստում ՔԿԱԳ Վանաձորի գրասենյակում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցությունը(տես նկարում):