суббота, 22 февраля 2014 г.

Սիրահարների օրը ՎՊՄԻ-ում

Փետրվարի 14-ին ՎՊՄԻ-ի մշակույթի դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոներին նվիրված միջոցառում: Բուհի մշակույթի կենտրոնի և ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումը կրում էր <<Սրտի երջանիկ րոպեներ>> խորագիրը:

Միջոցառումը մեկնարկեցին տոների խորհուրդն ու նշանակությունը ներկայացնելով, ապա ինստիտուտի ուսանողները հանդիսատեսին տոնական տրամադրություն հաղորդեցին իրենց կատարած երաժշտական կատարումներով, ոմանք ընթերցեցին իրենց իսկ գրած բանաստեղծություններից, անցկացվեցին խաղ–մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվեցին:
Միջոցառումն առանձնահատուկ էր այնքանով, որ ուսանողները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց սիրո մասին. ոմանք՝ բացիկների միջոցով, ոմանք՝ բարձրաձայն:
Ներկաների թվում էին նաև դասախոսներ և ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, ով շնորհավորեց բոլորին՝ մաղթելով միշտ սիրել և լինել սիրված:
Միջոցառման ավարտին մասնակիցներն ու հանդիսականներն իջան բուհի բակ, որտեղ նրանց էր սպասում սպիտակ ձիով զորավարը՝ սուրբ Սարգիսը: Նա իր օրհնությունը տվեց երիտասարդներին և աղի բլիթներ բաժանեց:
Հանդիսության վերջում ուսանողուհիներից Անահիտ Հանթայանը կիսվեց տպավորություններով. <<Տպավորիչ և հետաքրքիր միջոցառում էր: Մասնակիցները կարողացան հասցնել հանդիսատեսին օրվա խորհուրդը: Թե՛ երգերը, թե՛ սիրային նամակները ստեղծեցին լավ տրամադրություն, բեմում կատարված սիրո խոստովանությունները դրական լիցքեր հաղորդեցին, իսկ օրվա հերոսի հայտնվելը ամբողջական դարձրեց այդ միջոցառումը>>:

Թեյի միջազգային օր

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Թեյի միջազգային օրը: Այն նշվում է 2004 թվականից և նպատակ ունի կառավարությունների և մարդկանց ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի հետ կապված խնդիրների վրա:
Տոնը հատկապես նշում են այն երկրները, որոնք թեյի արտադրության և արտահանման գործում մեծ դեր ունեն: Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Նեպալը և այլն:
Կարծիք կա, որ թեյը, որպես ըմպելիք, պատահականորեն է հայտնաբերվել Չինաստանում, երբ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է եռացող ջրի մեջ: Այդ օրվանից թեյը սկսել է
<< մեծ ճանաչում վայելել >>  Չինաստանում, բայց միայն 17-րդ դարում է << մուտք գործել >> Եվրոպա և Ռուսաստան:
Մինչև օրս էլ թեյը համարվում է շատերի համար սիրելի ըմպելիք ամբողջ աշխարհում:
<< Շատ-շատ եմ սիրում թեյ: Օրական երևի 3-4 բաժակ խմում եմ: Համ համեղ է, համ էլ օգտակար: Հատկապես սիրում եմ Ահմադ թեյը, ուղղակի անկրկնելի է >> ,- նշում է թեյի սիրահար Աելիտա Աթաբեկյանը:

Մթերային խանութի վաճառողուհի Մարինե Լասյանն էլ փաստում է, որ ամենաշատ պահանջարկ վայելող թեյը Ակբար ապրանքանիշի թեյն է: << Գուցե Ակբարի ընտրությունը պայմանավորված է գնի հետ, քանի որ ամենաէժանն է մնացածների համեմատ, բայց եթե համը կախված է գնից, ապա ենթադրում եմ, որ ամենահամեղը հենց թանկ թեյերն են: Այնուամենայնիվ, եթե Ակբարը համեղ չլիներ, կարծում եմ` այսքան մեծ պահանջարկ չէր ունենա >>  ,- ավելացրեց վաճառողուհին:
Եվ չնայած թեյի տեսակների գնային տատանումներին և տարատեսակ համերին, այն կա և մնում է աշխարհում սիրելի ըմպելիք: