четверг, 26 марта 2015 г.

Տրանսպորտային աժիոտաժ

Վանաձոր, 20.03, 18:05, Լաչինի կանգառ

«Օֆ է՜, մինչև բարձրանում ես…»,-հոգոց հանելով մի կին բարձրացավ 3-րդ համարի ավտոբուս, որն ունենալով երեսուն նստատեղ, տեղավորել է կրկնակի թվով ուղևորների:
Ուղևորները իրար սեղմված՝ փորձում են բռնվելու հարմար տեղ գտնել, իսկ ոմանք, կողքիններին հենվելով, բռնվելու կարիք չեն էլ զգում: Եվ այս ամենին ավելանում է դժգոհությունը, երբ վարորդն ամեն կանգառից նոր ուղևորների է տեղավորում: Նստածները յուրաքանչյուր բարձրացողին ուշադիր զննում են և որոշում՝ արժե տեղը զիջել, թե՝ ձևացնել, որ չեն տեսել: Մինչ առաջին նստարանին նստած երիտասարդ կինը կորոշեր՝ տեղ տալ, թե՝ ոչ, բարձրացած կինն ասաց.
-Բալի՛կ ջան, տեղ չե՞ս տալիս՝ նստեմ:
Նստած կինը տեղից վեր կացավ և մի կերպ տեղավորվեց ավտոբուսի դռների մոտ: Բայց դա էլ երկար չտևեց, քանի որ արդեն հաջորդ կանգառն էր, և դռները բացվեցին:

18:08, Շորի շուկայի կանգառ
Բարձրացավ մի կին՝ երեխան գրկին: Առաջին նստարանին նստած կինն առաջարկեց երեխային տալ իրեն, բայց փոքրիկը սկսեց լաց լինել և չգնաց: Մի քանի րոպե անց երրորդ նստարանից մի տղամարդ ձայն տվեց.
-Եկեք ստեղ նստեք, քուրիկ ջան:
Կինը դժվարությամբ հասավ առաջարկված տեղին, իսկ տղամարդը գնաց տրանսպորտի հետևի մաս, որտեղ համեմատաբար ավելի քիչ մարդ կար և հիմնականում հենց տղամարդիկ:

18:11, Ավտոտնակների կանգառ
Հաջորդ կանգառին հասնելու ժամանակն էր. «Կանգառում կպահեք»:
Նա, ով պիտի իջներ, ավտոբուսի վերջում էր, բայց որոշեց իջնել առաջին դռնից և մեջտեղում կանգնածներին հրմշտելով, մի քանիսի ոտքերը տրորելով՝ իջավ:
Մինչ հաջորդ կանգառին հասնելը ամեն ինչ հանգիստ էր… դրսից:

18:15, Փոստի կանգառ
Կանգառից բարձրացան մի տարեց տղամարդ և մի օրիորդ՝ մի քանի տոպրակներ ձեռքին:
-Տու՛ր պահեմ, ազիզ ջան:
-Չէ՛, մերսի, հարմար ա:
-Կարա՞ս մեր մեջտեղը տեղավորվես, նիհար աղջիկ ես:
-Չէ՛, չէ՛, հանգիստ նստեք:
Մինչ նրանք խոսում էին, ուղևորների մի մասի ուշադրությունը գրավել էր մեկ այլ դեպք: Վարորդի հետևի նստարանին նստած տարեց կինը աչքով-ունքով էր անում դռան կողքի մեկտեղանոցին նստած տղային, որ վեր կենա և տեղը տա այն աղջկան: Տղան առաջարկեց նստել, բայց օրիորդը նախընտրեց կանգնել:

18:18, Ճաշարանի կանգառ
Կանգառում իջնում էին ավելի մեծ թվով ուղևորներ, որոնք միմյանց չզիջելով՝ մի մեծ խառնաշփոթ առաջացրին:
-Սպասի՝ անցնեմ, աղջի՛կ ջան:
-Մի վայրկյան, ես էլ եմ իջնում:
-Դե արագացրու:


18:22

Ավտոբուսը գրեթե դատարկվեց, այլևս կանգնած ուղևորներ չկան: Մի քանի վայրկյանների ընթացքում ամեն բան հանդարտվեց ներսում:

суббота, 21 марта 2015 г.

Ի՞նչ է ակնարկը, և ինչպե՞ս գրել այն


Ակնարկը մեծ պատմություն է իրական դեպքի, մարդու կամ երևույթի մասին: Այն մտնում է գի մեջ և գտնվում է լրագրության ու գեղավեստական գրականության մեջտեղում: Այսինքն ակնարկագիրը պիտի փաստը ներկայացնի գեղարվեստականորեն, բայց զերծ մնա հորինվածքից և դրամատիզմից:
Ակնարկում պետք է երևա մարդը, որևէ խնդիր, բայց ոչ լրագրողը: Պետք է հիշել, որ բացի 1ին դեմքով հանդես չգալուց, լրագրողը ակնարկում չի կարող նաև որևէ կարծիք արտահայտել կամ ենթադրություն, եզրակացություն անել:
Ակնարկը առավել ստացված է, երբ պարունակում է փոքր ինչ դրամա, ունի նկարագրություն և դիպուկ մեջբերումներ:
Ակնարկագիրը պիտի խուսափի անտեղի բազմակետերից, հարցադրում-նախադասություններից և հռետորական հարցերից:

Ակնարկի տեսակները

Ակնարկի տեսակները տարաբնույթ են, բայց դրանք կարող են դասվել երկու հիմնական շարքերում՝ սյուժետային և նկարագրական: 
Սյուժետային ակնարկների տեսակներից է դիմանկարային և հիմնահարցային ակնարկը:
Դիմանկարային ակնարկը պատմում է հետաքրքրիր, ուշադրության արժանի մարդու մասին և ներկայացնում տվյալ անհատի բարոյահոգեբանական հատկանիշները:
Հիմնահարցային ակնարկում տրվում են հերոսների ընդհանրացված կերպարներ: Նման ակնարկներում ընթերցողների ուշադրությունը կենտրոնանում է օրախնդիր հարցերի լուծման վրա:
Նկարագրական ակնարկների շարքին են դասվում իրադարձային և ճամփորդական ակնարկները:
Իրադարձային ակնարկը ամենից հաճախ նվիրված է կարևոր և նշանակալից երևույթի:
Ճամփորդական ակնարկը պատմում է մեր կյանքի որոշակի վայրերի ու փաստերի մասին, որոնք ուսաումնասիրում է հեղինակը ճանապարհորդելիս: Սա ակնարկի միակ տեսակն է, երբ լրագրողը կարող է հանդես գալ 1-ին դեմքով:
Պետք է նշել, որ գեղարվեստա-հրապարակախոսական ժանրերը ներկայումս թերթերում կարծես թե հետին պլան են մղվել՝ իրենց տեղը զիջելով լրատվական և վերլուծական ժանրերին, քանի որ այս երկուսն աչքի են ընկնում առավել օպերատիվությամբ: Դա է պատճառը, որ ակնարկը այսօր գրեթե անհետացել է մամուլի էջերից: