Վանաձոր,
20.03, 18:05, Լաչինի կանգառ
«Օֆ է՜, մինչև բարձրանում ես…»,-հոգոց հանելով
մի կին բարձրացավ 3-րդ համարի ավտոբուս, որն ունենալով երեսուն նստատեղ, տեղավորել է կրկնակի թվով ուղևորների:
Ուղևորները իրար սեղմված՝ փորձում են բռնվելու հարմար տեղ գտնել,
իսկ ոմանք, կողքիններին հենվելով, բռնվելու կարիք չեն էլ զգում: Եվ այս ամենին ավելանում
է դժգոհությունը, երբ վարորդն ամեն կանգառից նոր ուղևորների է տեղավորում: Նստածները
յուրաքանչյուր բարձրացողին ուշադիր զննում են և որոշում՝ արժե տեղը զիջել, թե՝ ձևացնել,
որ չեն տեսել: Մինչ առաջին նստարանին նստած երիտասարդ կինը կորոշեր՝ տեղ տալ, թե՝ ոչ,
բարձրացած կինն ասաց.
-Բալի՛կ ջան, տեղ չե՞ս
տալիս՝ նստեմ:
Նստած կինը տեղից վեր
կացավ և մի կերպ տեղավորվեց ավտոբուսի դռների մոտ: Բայց դա էլ երկար չտևեց, քանի որ
արդեն հաջորդ կանգառն էր, և դռները բացվեցին:
Բարձրացավ մի կին՝
երեխան գրկին: Առաջին նստարանին նստած կինն առաջարկեց երեխային տալ իրեն, բայց փոքրիկը
սկսեց լաց լինել և չգնաց: Մի քանի րոպե անց երրորդ նստարանից մի տղամարդ ձայն տվեց.
-Եկեք ստեղ նստեք,
քուրիկ ջան:
Կինը դժվարությամբ
հասավ առաջարկված տեղին, իսկ տղամարդը գնաց տրանսպորտի հետևի մաս, որտեղ համեմատաբար
ավելի քիչ մարդ կար և հիմնականում հենց տղամարդիկ:
18:11, Ավտոտնակների կանգառ
Հաջորդ կանգառին հասնելու
ժամանակն էր. «Կանգառում կպահեք»:
Նա, ով պիտի իջներ,
ավտոբուսի վերջում էր, բայց որոշեց իջնել առաջին դռնից և մեջտեղում կանգնածներին հրմշտելով,
մի քանիսի ոտքերը տրորելով՝ իջավ:
Մինչ հաջորդ կանգառին
հասնելը ամեն ինչ հանգիստ էր… դրսից:
18:15, Փոստի կանգառ
Կանգառից բարձրացան
մի տարեց տղամարդ և մի օրիորդ՝ մի քանի տոպրակներ ձեռքին:
-Տու՛ր պահեմ, ազիզ
ջան:
-Չէ՛, մերսի, հարմար
ա:
-Կարա՞ս մեր մեջտեղը
տեղավորվես, նիհար աղջիկ ես:
-Չէ՛, չէ՛, հանգիստ
նստեք:
Մինչ նրանք խոսում
էին, ուղևորների մի մասի ուշադրությունը գրավել էր մեկ այլ դեպք: Վարորդի հետևի նստարանին
նստած տարեց կինը աչքով-ունքով էր անում դռան կողքի մեկտեղանոցին նստած տղային, որ
վեր կենա և տեղը տա այն աղջկան: Տղան առաջարկեց նստել, բայց օրիորդը նախընտրեց կանգնել:
18:18, Ճաշարանի կանգառ
Կանգառում իջնում էին
ավելի մեծ թվով ուղևորներ, որոնք միմյանց չզիջելով՝ մի մեծ խառնաշփոթ առաջացրին:
-Սպասի՝ անցնեմ, աղջի՛կ
ջան:
-Մի վայրկյան, ես էլ
եմ իջնում:
-Դե արագացրու:
Ավտոբուսը գրեթե դատարկվեց, այլևս կանգնած ուղևորներ չկան: Մի քանի վայրկյանների ընթացքում ամեն բան
հանդարտվեց ներսում:
Комментариев нет:
Отправить комментарий