понедельник, 28 декабря 2015 г.

Ամուսնալուծվել, թե՞ հանդուրժել

Հայ օջախի նշանակությունն ու կարևորությունը փոխանցվել է սերնդեսերունդ, որն անտեսելն անթույլատրելի է հատկապես կնոջը: Այն, որ կնոջը հազար ու մեկ պիտակներ կփակցնեն ամուսնալուծվելու դեպքում, ապացույցի կարիք չունի:

Բայց ի՞նչ անել, երբ այդ պիտակները ձեռք չբերելու համար կանայք վտանգում են սեփական առողջությունն ու անգամ կյանքը: Արդյունքում, Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 3 տասնյակից ավելի կանայք են սպանվել: Այժմ Հայաստանում գործում են մի քանի hասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կանանց նկատմամբ իրականացվող ընտանեկան բռնությունների դեմ պայքարով:

Միայն վերջին 6 ամիսների ընթացքում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի վանաձորյան գրասենյակ են դիմել 6 տասնյակից ավելի կանայք: ՀԿ-ներից մեկի հոգեբան Անի Ղազինյանը նշում է, որ սա դեռ քիչ տոկոս է կազմում, քանի որ իրականում կանայք թաքցնում են ընտանիքում եղած խնդիրները, խորհրդի կարգով դիմում հարազատ-բարեկամներին և հիմնովին համոզվում, որ ճիշտը հանդուրժելն է: Ինչպես հոգեբան է նշում՝ կինը խուսափում է ամուսնալուծվելուց, քանի որ վախենում է, որ այլևս չի ընդունվի հասարակության կողմից, որ չի կարող հոգալ երեխաների ծախսը կամ երեխաները հետագայում կմեղադրեն իրեն, որ առանց հայր են մեծացել: «Ամուսնալուծության պարճառները կարող են բազմաբնույթ լինել: Հիմնականում սոցիալական խնդիրներն են, ալկոհոլի չարաշահումը, հիվանդագին խանդը, բռնությունները և այլն: Քիչ չեն այն ամուսնալուծությունները, որոնց պատճառ են դառնում ամուսնու(կնոջ) ընտանիքի, հարազատների՝ նրանց կյանքին խառնվելը, նրանց փոխարեն որոշումներ ընդունելը: Հնարավոր է մակարդակների տարբերությունը՝ սոցիալական, կրթական, դաստիարակության»- պարզաբանում է հոգեբանը:

Բարձրագույն կրթությամբ 57-ամյա կինը անընդհատ ստորացվել է, ինչպես ինքն է նշում, տգետ ամուսնու և նրա կիսախելագար մոր կողմից: Տնից հեռանալուց հետո ամուսինն ու նրա մայրը գտել են կնոջը, ձախ ձեռքը դրել կարի մեքենայի տակ և ծակծկել: Հատվածը՝ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից հրապարակված «Իրական պատմություններ» գրքից:
Անցկացված ինտերնետային հարցումներն ունեն հետևյալ պատկերը.



 Հոգեբան Անի Ղազինյանի խոսքով ամուսնալուծությունների համար կոնկրետ տարիքային խումբ նշել հնարավոր չէ: Կանայք հիմնականում դիմում են ամուսնալուծության, երբ դանակը հասնում է ոսկորին: «Կա նաև երեխաների հարցը, եթե երեխաներ չունեն, ավելի հեշտ են գնում ամուսնալուծության: Բայց որպես տարիքային խումբ կարելի է նշել 24-36-ը»:
 Եթե բարոյականության տեսանկյունից կանայք «կորցնում»  են ինքնագնահատականը, ունենում են միայնության, սոցիալական խնդիրները չհաղթահարելու վախ, մեծ տեղ են տալիս հասարակության կարծիքին, ապա իրավական տեսանկյունից ոչինչ չեն կորցնում: Ինչպես նշում է իրավաբան Արմինե Այվազյանը՝ եթե ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ(ԶԱԳՍ) կենտրոններում, ապա ամուսնալուծության դեպքում կնոջ և ամուսնու համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ և շարժական գույքը հավասարապես բաժանվում է երկուսի միջև: Բացի այս, ամուսինը՝ կախված աշխատավարձի չափից, պարտավոր է ամսական ալիմենտ վճարել երեխայի (երեխաների) համար, եթե հայրությունը ճանաչել է: Եթե կինը (ամուսինը) համատեղ կյանքի ընթացքում որևէ նվեր են ստացել (անշարժ, շարժական), ապա համապատասխան ապացույցների դեպքում այդ գույքը մնում է տիրոջը: ՔԿԱԳ կենտրոններում չգրանցված ամուսնության դեպքում, կինը ամուսնալուծությունից հետո ոչինչ պահանջել չի կարող:

Քրիստինե Մկրտչյանը, ով ամուսնալուծվել է ամուսնությունից 2 տարի անց, երեխայի հետ տեղափոխվել է հայրական ընտանիք: «Ճիշտն ասած՝ չէի սիրում, ուղղակի էդպես եմ ճիշտ գտել այն ժամանակ: Սկզբում ամուսնուս վերաբերմունքը լավ է եղել, բայց եկավ ժամանակ, երբ վեճերը հաճախակի դարձան, այն էլ մանրուքների պատճառով: Սոցիալական խնդիրներ, դավաճանություն, ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին էր, բայց հարազատները շատ էին խառնվում մեր կյանքին: Երկար մտածելուց հետո որոշեցի, որ էլ չեմ ուզում այդպես ապրել և պետք է ամուսնալուծվեմ: Այնքան հաստատ էր որոշել, որ եթե անգամ հայրական ընտանիքս չընդուներ՝ հետ չէի կանգնի այդ մտքից»- պատմում է Քրիստինեն: Իրավական տեսանկյունից Քրիստինեն կարող էր պահանջել ալիմենտ, որը նախկին ամուսինը պարտաճանաչ վճարում է: «Դա միակ բանն է, որ ես նրանից ընդունում եմ, եթե անգամ այնպիսի խնդիր ունենամ և իմանամ, որ միայն ինքը կարող է ինձ օգնել՝ չեմ դիմի նրան»,- ասում է Քրիստինեն:

Դժվար չէ փաստել, որ այժմ հին բարքերն ու չգրված օրենքները զիջում են իրենց տեղը: Հասարակությունն առավել անհանդուրժող է դարձել, պահանջատեր իր իրավունքներին: Այդ է փաստում ՔԿԱԳ Վանաձորի գրասենյակում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցությունը(տես նկարում):

четверг, 26 марта 2015 г.

Տրանսպորտային աժիոտաժ

Վանաձոր, 20.03, 18:05, Լաչինի կանգառ

«Օֆ է՜, մինչև բարձրանում ես…»,-հոգոց հանելով մի կին բարձրացավ 3-րդ համարի ավտոբուս, որն ունենալով երեսուն նստատեղ, տեղավորել է կրկնակի թվով ուղևորների:
Ուղևորները իրար սեղմված՝ փորձում են բռնվելու հարմար տեղ գտնել, իսկ ոմանք, կողքիններին հենվելով, բռնվելու կարիք չեն էլ զգում: Եվ այս ամենին ավելանում է դժգոհությունը, երբ վարորդն ամեն կանգառից նոր ուղևորների է տեղավորում: Նստածները յուրաքանչյուր բարձրացողին ուշադիր զննում են և որոշում՝ արժե տեղը զիջել, թե՝ ձևացնել, որ չեն տեսել: Մինչ առաջին նստարանին նստած երիտասարդ կինը կորոշեր՝ տեղ տալ, թե՝ ոչ, բարձրացած կինն ասաց.
-Բալի՛կ ջան, տեղ չե՞ս տալիս՝ նստեմ:
Նստած կինը տեղից վեր կացավ և մի կերպ տեղավորվեց ավտոբուսի դռների մոտ: Բայց դա էլ երկար չտևեց, քանի որ արդեն հաջորդ կանգառն էր, և դռները բացվեցին:

18:08, Շորի շուկայի կանգառ
Բարձրացավ մի կին՝ երեխան գրկին: Առաջին նստարանին նստած կինն առաջարկեց երեխային տալ իրեն, բայց փոքրիկը սկսեց լաց լինել և չգնաց: Մի քանի րոպե անց երրորդ նստարանից մի տղամարդ ձայն տվեց.
-Եկեք ստեղ նստեք, քուրիկ ջան:
Կինը դժվարությամբ հասավ առաջարկված տեղին, իսկ տղամարդը գնաց տրանսպորտի հետևի մաս, որտեղ համեմատաբար ավելի քիչ մարդ կար և հիմնականում հենց տղամարդիկ:

18:11, Ավտոտնակների կանգառ
Հաջորդ կանգառին հասնելու ժամանակն էր. «Կանգառում կպահեք»:
Նա, ով պիտի իջներ, ավտոբուսի վերջում էր, բայց որոշեց իջնել առաջին դռնից և մեջտեղում կանգնածներին հրմշտելով, մի քանիսի ոտքերը տրորելով՝ իջավ:
Մինչ հաջորդ կանգառին հասնելը ամեն ինչ հանգիստ էր… դրսից:

18:15, Փոստի կանգառ
Կանգառից բարձրացան մի տարեց տղամարդ և մի օրիորդ՝ մի քանի տոպրակներ ձեռքին:
-Տու՛ր պահեմ, ազիզ ջան:
-Չէ՛, մերսի, հարմար ա:
-Կարա՞ս մեր մեջտեղը տեղավորվես, նիհար աղջիկ ես:
-Չէ՛, չէ՛, հանգիստ նստեք:
Մինչ նրանք խոսում էին, ուղևորների մի մասի ուշադրությունը գրավել էր մեկ այլ դեպք: Վարորդի հետևի նստարանին նստած տարեց կինը աչքով-ունքով էր անում դռան կողքի մեկտեղանոցին նստած տղային, որ վեր կենա և տեղը տա այն աղջկան: Տղան առաջարկեց նստել, բայց օրիորդը նախընտրեց կանգնել:

18:18, Ճաշարանի կանգառ
Կանգառում իջնում էին ավելի մեծ թվով ուղևորներ, որոնք միմյանց չզիջելով՝ մի մեծ խառնաշփոթ առաջացրին:
-Սպասի՝ անցնեմ, աղջի՛կ ջան:
-Մի վայրկյան, ես էլ եմ իջնում:
-Դե արագացրու:


18:22

Ավտոբուսը գրեթե դատարկվեց, այլևս կանգնած ուղևորներ չկան: Մի քանի վայրկյանների ընթացքում ամեն բան հանդարտվեց ներսում:

суббота, 21 марта 2015 г.

Ի՞նչ է ակնարկը, և ինչպե՞ս գրել այն


Ակնարկը մեծ պատմություն է իրական դեպքի, մարդու կամ երևույթի մասին: Այն մտնում է գի մեջ և գտնվում է լրագրության ու գեղավեստական գրականության մեջտեղում: Այսինքն ակնարկագիրը պիտի փաստը ներկայացնի գեղարվեստականորեն, բայց զերծ մնա հորինվածքից և դրամատիզմից:
Ակնարկում պետք է երևա մարդը, որևէ խնդիր, բայց ոչ լրագրողը: Պետք է հիշել, որ բացի 1ին դեմքով հանդես չգալուց, լրագրողը ակնարկում չի կարող նաև որևէ կարծիք արտահայտել կամ ենթադրություն, եզրակացություն անել:
Ակնարկը առավել ստացված է, երբ պարունակում է փոքր ինչ դրամա, ունի նկարագրություն և դիպուկ մեջբերումներ:
Ակնարկագիրը պիտի խուսափի անտեղի բազմակետերից, հարցադրում-նախադասություններից և հռետորական հարցերից:

Ակնարկի տեսակները

Ակնարկի տեսակները տարաբնույթ են, բայց դրանք կարող են դասվել երկու հիմնական շարքերում՝ սյուժետային և նկարագրական: 
Սյուժետային ակնարկների տեսակներից է դիմանկարային և հիմնահարցային ակնարկը:
Դիմանկարային ակնարկը պատմում է հետաքրքրիր, ուշադրության արժանի մարդու մասին և ներկայացնում տվյալ անհատի բարոյահոգեբանական հատկանիշները:
Հիմնահարցային ակնարկում տրվում են հերոսների ընդհանրացված կերպարներ: Նման ակնարկներում ընթերցողների ուշադրությունը կենտրոնանում է օրախնդիր հարցերի լուծման վրա:
Նկարագրական ակնարկների շարքին են դասվում իրադարձային և ճամփորդական ակնարկները:
Իրադարձային ակնարկը ամենից հաճախ նվիրված է կարևոր և նշանակալից երևույթի:
Ճամփորդական ակնարկը պատմում է մեր կյանքի որոշակի վայրերի ու փաստերի մասին, որոնք ուսաումնասիրում է հեղինակը ճանապարհորդելիս: Սա ակնարկի միակ տեսակն է, երբ լրագրողը կարող է հանդես գալ 1-ին դեմքով:
Պետք է նշել, որ գեղարվեստա-հրապարակախոսական ժանրերը ներկայումս թերթերում կարծես թե հետին պլան են մղվել՝ իրենց տեղը զիջելով լրատվական և վերլուծական ժանրերին, քանի որ այս երկուսն աչքի են ընկնում առավել օպերատիվությամբ: Դա է պատճառը, որ ակնարկը այսօր գրեթե անհետացել է մամուլի էջերից:

понедельник, 16 февраля 2015 г.

Ինտերակտիվ ներկայացում ՎՊՀ-ում

Փոփոխությունների թատրոնը(Theatre of changes) ինտերակտիվ ներկայացմամբ փետրվարի 16-ին հանդես եկավ ՎՊՀ-ում: <<Պատմություն բաց ծովում>>, որի ավարտը որոշելու էր հանդիսատեսը՝ իր առաջարկած տարբերակը բեմադրելով:
Նավաբեկությունից հետո մի փոքրիկ նավակում հայտնված կինն ու տղամարդը փորձում են որևէ ելք գտնել և հասնել ցամաքին: Սակայն մի կողմից քաղցն ու հոգնածությունը, մյուս կողմից էլ նրանց փոխզիջման չգնալը ավելի էին բարդացնում տիրող իրավիճակը:
Ասում են, թե կոնֆլիկտներն ի վերջո տանում են ներդաշնակության: Եվ հենց սա էր առանցքային հարցը. հանդիսատեսն առաջարկեր այնպիսի կոնֆլիկտ, որը կվերածվեր ներդաշնակության, այն է թե՝ փրկության:
Սկզբում հանդիսատեսի պասիվությունն անժխտելի էր, բայց առաջին մասնակցի <<բեմականացումը>>  նպաստեց  դահլիճի ակտիվացմանը և ավելի ու ավելի մեծացավ մասնակցել ցանկացողների թիվը:
Առաջարկվող տարբերակները շատ բազմազան էին, հետաքրքրիր և անգամ զավեշտալի. գործի դնել կանացի հմայքը՝ տղամարդու բազուկները թիավարելու համար օգտագործելու, համաձայնել հանել վերնաշապիկները՝ առագաստ կապելու համար,  տղամարդու աշխարհագրական գիտելիքներն օգտագործել՝ դեպի ետ՝ ցամաքը դառնալու...
Ճիշտ է, ի վերջո դերասաններն այդպես էլ <<բաց ծովում մնացին>>, քանի որ ելք չգտնվեց, բայց դահլիճի բուռն ծափահարությունները վկայում էին, որ նպատակն արդարացվեց: Դա փաստեց նաև հաղորդավարը՝ վերջում նշելով, որ գոհ է հանդիսատեսից նման ընդունելության և մասնակցության համար:

среда, 11 февраля 2015 г.

Նախընտրությունը տանք...


Տպագիր մամու՞լ, ռա՞դիո, հեռուստատեսությու՞ն, թե՝ առցանց մամուլ: Կարելի է նշել բոլորի առավելություններն ու թերությունները, որպեսզի պատկերն ավելի ակնառու լինի:


                                 
Տպագիր մամուլ
Աոավելություններ
  • թերթի ամբողջական պատկեր
  • միշտ ձեռքի տակ գտնվելու հնարավորություն
  • տարիների ընթացքում հեշտ է պահպանել 
  • չնայած օպերատիվ չէ, բայց հոդվածները վերլուծական են, ոչ զուտ տեղեկատվական
    Թերություններ
  • հիմնականում ընթերցողները նախընտրում են կարճ, հակիրճ հոդվածները, իսկ թերթերում դրանք երկար և ծավալուն են
  • օպերատիվ չէ. տպագրվում է շաբաթը մեկ կամ երկու անգամ
  • չկա կապ լսարանի(ընթերցողի) հետ
  • լրատվություն ստանալու ամենաթանկ միջոցն է




Ռադիո
Առավելություններ

  • հասանելիություն. կարելի է ասել տեղեկատվություն ստանալու ամենաէժան աղբյուրն է
  • ձայանաշարն առանց տեսաշարի ունկնդրին մղում է պատկերացնել իրադարձությունը
  • օպերատիվություն
  • կապ լսարանի հետ
Թերություններ
  • սահմանափակություն
  • հաղորդման մեկանգամյա հեռարձակում(վերահեռարձակումները քիչ են)
  • հնարավոր չէ թերի ունկընդրածը նորից լսել, այն դեպքում, որ թերթի հոդվածը կարող ես վերընթերցել
Հեռուստատեսություն

                                                  Առավելություններ
  • ձայնաշար + տեսաշար
  • լսարանին հասանելի է (անվճար)
  • լսարանը դեմքով ճանաչում է լրագրողին, որը վստահության երաշխիք է
  • ուղիղ եթերով հեռարձակում
Թերություններ
  • աշխատում է պետական լիցենզիայի հիման վրա, ըստ այդմ հեռուստաընկերությունները հիմնականում իշխանամետ են
  • սահմանափակություն

Ցանցային մամուլ
Առավելություններ
  • ինտերակտիվություն, այն է՝ կապ լսարանի հետ
  • օպերատիվություն
  • թերթ+ռադիո+TV=համացանց
  • համաշխարհային տեղեկատվություն ստանալու հեշտ և արագ միջոց
  • անսահմանափակություն
  • հնարավորություն ճանաչելու ավելի շատ լրագրողների
Թերություններ
  • նյութերն ու մեկնաբանությունները(մասամբ) վերահսկելի չեն
  • անանուն, առանց աղբյուրի նշման նյութեր
  • մի շարք էթիկական նորմերի խախտումներ

Ինչպես տեսնում ենք, և ինչպես հայտնի էր յուրաքանչյուրիս թե՛ տպագիր մամուլը, թե՛ հեռուստատեսությունը և թե՛ ռադիոն  զգալիորեն զիջում են համացանցային պարբերականներին: Բայց եկեք նշենք նաև, որ դրանցից յուրաքանչյուրն էլ ունի իրեն բնորոշ համն ու հոտը, ինչպես գիրք-առցանց գրականություն հակամարտության մեջ: